Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կոչ է արել մանրակրկիտ հետաքննել ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հայտարարությունները, թե ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը «փորձել է սպանել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Այն, ինչ ասել է Թաքեր Կարլսոնը, պետք է լուրջ ընդունել։ Երեկ ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը պատմել է, որ Բայդենի վարչակազմը «փորձել է սպանել Պուտինին»։ Դա առաջարկել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ <...> Թաքեր Կարլսոնի բարձրաձայնածը պետք է մանրակրկիտ հետաքննվի, իսկ Բայդենն ու Բլինքենը պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է Վոլոդինը իր Telegram-ի ալիքում։
Նրա խոսքով՝ Պուտինին սպանելու մտադրության քննարկումը պետք է լուրջ ընդունել։ «Բերեմ մի քանի փաստ. նախապատրաստություն է տարվել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի վրա հարձակմանը, որից հաջողվել է խուսափել, մահափորձ է կատարվել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ, մահափորձ է կատարվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ նրա ընտրարշավի ընթացքում։ <...> Այս ամենը մեկ շղթայի օղակներ են»,- նշել է Վոլոդինը։
Նա նաև ընդգծել է, որ նման հայտարարությունների ի հայտ գալուց արդեն մեկ օր է անցել, սակայն «բոլորը լռում են»։ «Ոչ Բայդենը, ոչ Բլինքենը չեն հերքել հնչեցվածը»,- նշել է Վոլոդինը։
Պետդումայի խոսնակը Տելեգրամի իր էջում նաև նշել է, որ Պուտինի դեմ մահափորձի նախապատրաստումը ուղիղ ճանապարհ է դեպի միջուկային պատերազմ։ «Պուտինի դեմ մահափորձ նախապատրաստելը, դրա քննարկումն ինքնին հանցագործություն է։ Գլոբալ անվտանգության լրջագույն սպառնալիք։ Ուղիղ ճանապարհ դեպի միջուկային պատերազմ»,- նշել է Վոլոդինը՝ հավելելով,- «Բոլոր միջազգային ինստիտուտների համար դա պետք է հիմք հանդիսանա դատավարության համար»։
Հիշեցնենք, որ Կարլսոնն ավելի վաղ պնդել էր, որ ԱՄՆ-ի նախկին իշխանությունները Բայդենի նախագահության շրջանում փորձել են սպանել Պուտինին։