ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը և ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը քննարկել են Ղազախստանի Ակտաուի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանումը և ընդգծել պաշտոնական հետաքննությունն ավարտելու անհրաժեշտությունը։
«Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման թեման քննարկելիս ընդգծվել է ծառայողական հետաքննությունն ավարտելու և դրա արդյունքները հրապարակելու անհրաժեշտությունը՝ պարզելու ողբերգության բոլոր հանգամանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսական կողմն ընդգծել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության և դաշինքի ոգով հարաբերությունների կառուցման բացարձակ կարևորությունը։
«Այս կապակցությամբ տարակուսանք է արտահայտվել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական բնույթի վերջին հրապարակումների, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվական արշավի առնչությամբ։ Նշվել է առաջադրված մեղադրանքների բացարձակ անհիմնությունը»,- հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։