Միջազգային

Բալթիկ ծովում ևս մեկ օպտիկամանրաթելային մալուխ է վնասվել

Լատվիայի և Շվեդիայի իշխանությունները հայտնել են ևս մեկ օպտիկամանրաթելային մալուխի վնասման մասին. գրում է BBC-ն։ Մալուխը Բալթիկ ծովի հատակով լատվիական Վենսպիլս քաղաքից ուղևորվում է շվեդական Գոթլանդ կղզի:

Ինչպես հայտնել է Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան, մալուխը, ամենայն հավանականությամբ, վնասվել է արտաքին ազդեցության հետևանքով: «Մենք պարզել ենք, որ վնասը, ամենայն հավանականությամբ, արտաքին ազդեցության արդյունք է և այն զգալի է եղել»,- հայտարարել է նա: Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հաստատել է վնասի մասին տվյալները X ցանցում գրելով. «Շվեդիան և ՆԱՏՕ-ն սերտորեն համագործակցում են այս հարցում։ Շվեդիան կտրամադրի բոլոր համապատասխան ռեսուրսները այս ենթադրյալ միջադեպի հետաքննության համար»։

Հաղորդվում է, որ մոտ 50 մետր խորության վրա գտնվող մալուխը վնասվել է Շվեդիայի ծովային տնտեսական գոտում: Լատվիայի հանրային հեռարձակողը հայտնում է, որ վնասված մալուխը պատկանել է ռադիոյի և հեռուստահեռարձակման պետական կենտրոնին: