Միջազգային

Իսրայելը «ՀԱՄԱՍ»-ին մեղադրում է հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ

Իսրայելը Գազայի բնակիչներին թույլ չի տա վերադառնալ հյուսիսային անկլավ, քանի որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է հրադադարի համաձայնագրի պայմանները՝ չազատելով քաղաքացիական պատանդ Արբել Յեհուդին և չհանձնելով ողջ և մահացած պատանդների ցուցակները, հայտնել է Իսրայելի առևանգվածների ընտանիքի հետ կապերի գրասենյակը։

«Երեկվա փուլի իրականացման ընթացքում ՀԱՄԱՍ-ը թույլ է տվել համաձայնագրի երկու խախտում՝ Արբել Յեհուդը դեռ ազատ չի արձակվել, իսկ առաջին փուլի պատանդների ներկա կարգավիճակի ցուցակը դեռ չի տրամադրվել։ Դրա հետ կապված՝ որոշում է կայացվել թույլ չտալ Գազայի բնակիչների տեղաշարժը Գոտու հյուսիսային հատված»,- ասված է Իսրայելի վարչապետի աշխատակազմի խորհրդական Դմիտրի Գենդելմանի հայտարարության մեջ։

Գերատեսչությունը հավելել է, որ Միացյալ Նահանգների և այլ միջնորդների միջնորդությամբ զգալի ջանքեր են գործադրվում Արբել Յեհուդի ազատ արձակման հարցը լուծելու համար։

«Ակնկալվում էր, որ ՀԱՄԱՍ-ը դժվարություններ կստեղծի և կշարունակի հոգեբանական մանիպուլյացիաներ կիրառել համաձայնագրի իրականացման գործընթացում»,- ընդգծել են գերատեսչությունում։

ՀԱՄԱՍ-ը նախօրեին ազատ է արձակել պատանդների երկրորդ խմբին՝ Իսրայելի հետ մեկ շաբաթ առաջ սկսված համաձայնագրի իրականացման շրջանակներում։ Իսրայելի չորս կին զինվորների դիմաց բանտից ազատ են արձակվել 200 պաղեստինցի բանտարկյալներ, այդ թվում՝ ահաբեկչության համար ցմահ ազատազրկման դատապարտվածները։