Միջազգային

Իսրայելը թույլ չի տա պաղեստինցիներին վերադառնալ Գազայի հյուսիս, քանի դեռ Արբել Յեհուդն ազատ չի արձակվել

Իսրայելը թույլ չի տա պաղեստինցիներին վերադառնալ Գազայի հյուսիս, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի կազմակերպել կին պատանդ Արբել Յեհուդի ազատ արձակումը։ 

Այդ մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։

«Իսրայելն այսօր ընդունել է չորս կին պատանդ զինվորների, և նրանց դիմաց ազատ կարձակի բանտարկյալների՝ համաձայն գործարքի։ Պայմանավորվածության համաձայն՝ Իսրայելը թույլ չի տա Գազայի հատվածի հյուսիս անցնել Գազայի բնակիչներին, քանի դեռ չի պայմանավորվել խաղաղ բնակիչ Արբել Յեհուդի ազատ արձակման մասին, որը պետք է ազատ արձակվեր այսօր»,- ասվում է հայտարարության մեջ։

 Պայմանագրի համաձայն, Իսրայելը պետք է դուրս գար միջանցքի հյուսիսային կեսից հրադադարի յոթերորդ օրը, որպեսզի պաղեստինցիները ափամերձ ճանապարհով վերադառնան Գազայի հյուսիս: