ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել է, որ ցանկանում է բանակցություններ վարել Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի պաշարների կրճատման շուրջ:
Անդրադառնալով իր առաջին նախագահության ընթացքում տեղի ունեցած բանակցություններին՝ Թրամփն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է միջուկային զինանոցների կրճատման հարցը, և Չինաստանը ցանկացել է միանալ դրան:
«Եվ ես կարող եմ ձեզ ասել, որ նախագահ Պուտինը ցանկանում էր դա անել, նա և ես ուզում էինք դա անել: Մենք լավ խոսակցություն ունեցանք Չինաստանի հետ, նրանք կներգրավվեին, և դա անհավատալի բան կլիներ մոլորակի համար»,- ասել է նա։
Ըստ Թրամփի՝ այս պահին Չինաստանը շատ ավելի քիչ միջուկային զենք ունի, քան ԱՄՆ-ն ու Ռուսաստանը։
«Բայց ինչ - որ պահի, առաջիկա չորս-հինգ տարիների ընթացքում, դա նրանք կունենան», -հավելել է նա:
Միացյալ Նահանգները և Ռուսաստանը միասին տիրապետում են աշխարհի բոլոր միջուկային զենքի մոտ 90 տոկոսին: