Միջազգային

ՆԱՏՕ–ն ընդլայնվում է արևելյան թևում․ Շոյգու

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ակտիվորեն մեծացնում է իր ռազմական ներուժը Արևելյան թևում՝ դաշնակից պետությունների սահմանների մոտ։

«Մենք տեսնում ենք, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ներուժի ակտիվ աճ է իրականացվում նրա արևելյան թևում»,- նշել է Շոյգուն։ «Բարձրանում է Ռուսաստանի և Բելառուսի տարածքի մերձակայքում զորավարժությունների ինտենսիվությունը՝ մշակելով ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական գործողություններ»։

Շոյգուն նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն «հետևողականորեն իջեցնում է միջուկային զենքի կիրառման շեմը, ամրապնդում է միջուկային բաղադրիչը ռազմական պլանավորման մեջ»։ Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությունները հանգեցրել են սպառազինությունների վերահսկման մեխանիզմների դեգրադացիայի և զանգվածային ոչնչացման զենքի չտարածման գործընթացի խախտման»։

«Վերջին տարիները և նույնիսկ տասնամյակները նշանավորվել են միութենական պետության և նրա անդամների նկատմամբ սպառնալիքների աճով ու ընդլայնմամբ»,- հավելել է Շոյգուն։ «Մենք պետք է շարունակենք մեր ջանքերը՝ ուղղված այդ սպառնալիքների չեզոքացմանը»։

Անդրադառնալով Ուկրաինայի իրավիճակին՝ Շոյգուն նշել է. «Արևմտյան երկրների քաղաքականությունը բացահայտ թշնամական է դարձել։ Արևմուտքի կողմից հրահրվել և պահպանվում է Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակը։ Եվ այդ պայքարը ՆԱՏՕ-ի հայեցակարգերի էջերից անցել է գործնական աշխատանքի՝ դաշինքի ընդլայնում և ակտիվություն Ռուսաստանի ու Բելառուսի սահմանների մոտ»։