ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին։ Նա հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պայքարում էր շատ ավելի հզոր միավորի դեմ։
«Զելենսկին չպետք է դա աներ, քանի որ հնարավոր էր կնքել մի գործարք, որն ամեն ինչ կլուծեր։ Դա կլիներ շատ պարզ և փոքր գործարք։ Ես կարող էի հեշտությամբ կնքել այդ գործարքը, բայց Զելենսկին որոշեց՝ «Ես կռիվ եմ ուզում»»,- ասել է Թրամփը։
Թրամփը կոչ է արել դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը՝ նշելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չպետք է սկսեր լայնածավալ ներխուժումը 2022 թվականին։
Թրամփը քննադատել է Ջո Բայդենի վարչակազմին՝ պնդելով, որ նրա քաղաքականությունը հնարավորություն է տվել Պուտինին հարստանալ և սկսել պատերազմը։ «Պուտինը չպետք է դա աներ։ Ես նրան չեմ արդարացնում, բայց նա չպետք է դա աներ, և այս ամենը պետք է դադարեցվի»,- ասել է Թրամփը։