Այս լուսանկարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձեռքում է պահում Ջո Բայդենի նամակը, որը նա թողել է Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի սեղանի դարակում:
Դրա բովանդակությանը ծանոթացել է Fox News հեռուստաալիքը։ Նրա տվյալներով՝ այնտեղ գրված է հետևյալը.
«Սիրելի նախագահ Թրամփ, թողնելով այս սուրբ պաշտոնը, մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին ամենայն բարիք առաջիկա չորս տարիների ընթացքում:
Ամերիկացի ժողովուրդը և ամբողջ աշխարհի մարդիկ այս տնից կայունություն են ակնկալում պատմության անխուսափելի փոթորիկների ժամանակ, և ես աղոթում եմ, որ գալիք տարիները լինեն բարգավաճման, խաղաղության և շնորհի ժամանակ մեր ազգի համար:
Թող Աստված օրհնի և առաջնորդի Ձեզ, ինչպես օրհնել և առաջնորդել է մեր սիրելի երկիրը հիմնադրման օրվանից»,- ասվում է նամակում։
Նման ուղերձները ավանդույթ են դարձել այն բանից հետո, երբ 1989 թվականին Ռոնալդ Ռեյգանը նամակ է թողել Ջորջ Բուշ ավագին։ Դրանք մասնավոր բնույթ են կրում, սակայն անցյալի նամակները դարձել են հանրության սեփականությունը։
Բայդենը հաստատել է, որ նամակ է թողել Թրամփի համար, Թրամփն էլ էր հաստատել, որ Բայդենին նամակ է թողել 2021 թվականին։
Բայդենը, այնուամենայնիվ, առաջին նախագահն էր, ով հայտնվել է եզակի վիճակում՝ նամակ գրելով մեկին, ով և՛ իր իրավահաջորդն է, և՛ իրավանախորդը, ով նրան նամակ էր թողել չորս տարի առաջ: