Միջազգային

«Եթե մենք չհաղթեինք այս ընտրություններում, ԱՄՆ–ը հավերժ կորած կլիներ»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույց է տվել Fox news-ին։ Անդրադառնալով Սպիտակ տուն իր վերադարձին, Թրամփն ասել է, թե սա ապացուցում է՝ «արմատական ձախերի» քաղաքականությունն ու փիլիսոփայությունը վերջին չորս տարիների ընթացքում «սարսափելի» են եղել և «չեն գործել»: 

Նա քննադատել է ԱՄՆ–ում գնաճը, Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի ու Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմների սկիզբը: 

«Ես կարծում եմ, որ սա ավելին է, քան սովորական քաղաքականություն։ Մենք ճիշտ ժամանակին վերադարձանք դրան»,- ասել է Թրամփը: 

Թրամփը նշել է, որ երկրում առկա բազմաթիվ խնդիրների լուծման համար ժամանակ, գումար և ջանքեր կպահանջվեն, բայց դրանք, իր համոզմամբ, բոլորը լուծելի են: 

«Մենք կարող ենք վերադարձնել մեր երկիրը։ Բայց եթե մենք չհաղթեինք այս ընտրություններում, ես հավատում եմ, որ մեր երկիրը հավերժ կորած կլիներ»,- ասել է նա: 

2020 թվականին Ջո Բայդենին հարցրել էին այն մասին, թե ինչ կարծիք ունի այն ժամանակվա նախագահ Թրամփի՝ իր և իր ընտանիքի անդամներին վաղաժամ ներում շնորհելու մտադրության մասին: Բայդենը դա համարել էր մտահոգիչ՝ նշելով, որ նման քայլը կարող է վնասել ԱՄՆ հեղինակությանը՝ որպես օրենքի և արդարության երկրի: 

Չորս տարի անց Բայդենը ներում է շնորհել իր քրոջը, երկու եղբայրներին և նրանց ամուսիններին՝ նշելով, որ այս որոշումը մասամբ պայմանավորված է իր ընտանիքի նկատմամբ Թրամփի վարչակազմի «անհիմն» և «քաղաքական դրդապատճառներով» հետաքննությունների վախով: 

Հարցին՝ արդյոք Կոնգրեսը պետք է հետաքննություն անցկացնի Բայդենի ընտանիքի նկատմամբ, Թրամփը հրաժարվել է ուղիղ պատասխան տալ: «Տեսեք, նա ներում չի շնորհում իրեն և որոշ այլ մարդկանց, որոնք դրա կարիքն ունեին»,- նշել է նա: