ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի գիշերը հրամանագիր է ստորագրել, որը հնարավորություն է տալիս իշխանություններին միջոցներ ձեռնարկել անօրինական միգրանտների կողմից երկրի հարավային սահմանը հատելու դեմ:
Փաստաթղթում նշվում է, որ «Թրամփը լիազորում է ներքին անվտանգության նախարարությանը, Արդարադատության նախարարությանը և Պետդեպարտամենտին անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել ներխուժումը անհապաղ հետ մղելու, ինչպես նաև ԱՄՆ հարավային սահմանից անօրինական ներգաղթյալներին հայրենադարձելու և արտաքսելու համար»:
Միաժամանակ, Թրամփի վարչակազմը հանձնարարել է դաշնային դատախազներին քրեական հետաքննություն սկսել այն տեղական պաշտոնյաների նկատմամբ, որոնք խոչընդոտում են միգրացիոն վերահսկողության գործողություններին: Սա մաս է կազմում լայնածավալ միջոցառումների, որոնք Թրամփը նախաձեռնել էր իր պաշտոնավարման առաջին իսկ օրը․ գրում է Reuters-ը։
Reuters-ի տրամադրության տակ գտնվող փաստաթղթում գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բովեն նշել է, որ նահանգային և տեղական իշխանությունները պարտավոր են համագործակցել միգրացիոն վերահսկողության հետ, և դաշնային դատախազները պետք է հետաքննել նման խախտումների դեպքերը՝ հնարավոր քրեական մեղադրանքներ առաջադրելու համար:
Սա կարող է առճակատման պատճառ դառնալ այնպիսի «ապաստանի քաղաքների» հետ, ինչպիսիք են Նյու Յորքը և Չիկագոն, որոնք սահմանափակում են միգրացիոն վերահսկողության հետ համագործակցությունը:
Փաստաթուղթն ընդգծում է, որ Թրամփի Արդարադատության նախարարությունը կարող է աջակցել իր միգրացիոն քաղաքականությանը՝ ընդլայնելով քրեական մեղադրանքների սպառնալիքները ոչ միայն միգրանտների կամ նրանց գործատուների, այլև քաղաքային և նահանգային պաշտոնյաների նկատմամբ: Սա Թրամփի կողմից ապօրինի միգրացիայի դեմ պայքարի շրջանակում ստորագրված գործադիր հրամանների հերթական քայլն է, որը նրա գլխավոր առաջնահերթությունն է: