Միջազգային

«Մեքսիկա ժամանող միգրանտները կարտաքսվեն». նախագահ

ԱՄՆ մուտք գործելու նպատակով Մեքսիկա ժամանող անօրինական միգրանտները հետ կուղարկվեն իրենց ծագման երկրներ: Այս մասին Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է Մեխիկոյի Ազգային պալատում կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Համաձայնություն կա Կենտրոնական Ամերիկայի բոլոր երկրների, հատկապես՝ Գվատեմալայի հետ։ Կուբայի հետ համաձայնագիր կա։ Անօրինական միգրանտները պետք է արտաքսվեն այնտեղ, որտեղից ժամանել են»,- ընդգծել է պետության ղեկավարը։

Միևնույն ժամանակ, նախագահը հավաստիացրել է, որ Մեքսիկայում անօրինական միգրանտներին մարդասիրական աջակցություն կցուցաբերվի:

«Եթե այդ մարդիկ գտնվում են Մեքսիկայի տարածքում, մենք նրանց ուշադրություն կդարձնենք հումանիտար մղումներով, սակայն մեր միգրացիոն քաղաքականության շրջանակներում մենք ցանկանում ենք, որ նրանք վերադառնան ծագման երկիր, քանի որ օտարերկրացիներ են», - հայտարարել է Շեյնբաումը: