Միջազգային

«Թրամփը ճիշտ է ասում»․ ԵՄ-ում պատրաստվում են պաշտպանական ծախսերն ավելացնել

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը Բրյուսելում կայացած համաժողովում խոսել է կառույցի անվտանգության մարտահրավերներից և Թրամփի հայտարարությունների մասին, որ ԵՄ երկրները պետք է սկսեն ավելի շատ ծախսել իրենց անվտանգության համար։

«Նախագահ Թրամփը ճիշտ է ասում, որ մենք բավականաչափ չենք ծախսում։ Ժամանակն է ներդրումներ կատարել: Նահանգները մեր ամենաուժեղ դաշնակիցն է և պետք է մնան այդպիսին:

ԵՄ-ի ուղերձն ԱՄՆ-ին պարզ է. մենք պետք է ավելին անենք մեր սեփական պաշտպանության համար և կրենք պատասխանատվության արդար բաժինը Եվրոպայի անվտանգության համար», - հայտարարել է նա:

2022-ից հետո ԵՄ երկրները ավելացրել են իրենց ռազմական բյուջեները։ Բայց գործիչները խոստովանում են, որ ստիպված կլինեն ավելի հեռուն գնալ, քանի որ փորձում են հավասարվել Մոսկվայի հսկայական ռազմական հզորությանը:

«Ռուսաստանն իրական սպառնալիք է մեր անվտանգության համար և կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մենք բավարար ներդրումներ չենք կատարել մեր պաշտպանության մեջ»,-ասել է Էստոնիայի նախկին վարչապետ Կալասը:

«Մեր ազգային հետախուզական ծառայություններից շատերը մեզ տեղեկատվություն են տրամադրում այն մասին, որ Ռուսաստանը կարող է 3-5 տարի հետո ստուգել ԵՄ-ի ինքնապաշտպանական պատրաստականությունը։ Էլ ո՞ւմ ենք սպասում»,- ընդգծել է Կալասը։