Պուտինն անպայման կվերադառնա 10 անգամ ավելի մեծ բանակով, քան հիմա՝ նախկին ԽՍՀՄ բոլոր երկրների ամբողջական օկուպացիայի համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ կարևոր է, որ Ուկրաինային ժամանակին զենք մատակարարվի և լինեն անվտանգության երաշխիքներ։ Զելենսկին ասել է, որ այսօր Ուկրաինայի տարածքում 608 հազար ռուս զինվորական կա։ Սա երեք անգամ ավելին է, քան 2022 թվականին հարձակման ժամանակ, և որ Ուկրաինան դիմանում է ներքին զենքի արտադրության և եվրոպական ու ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի աճի շնորհիվ։
«Պուտինը բազմապատիկ մեծացել է: Նա ունի ավելի քան 30 ռազմական ոլորտի գործարան, Եվրոպայում՝ 45: Առճակատման և անվտանգության երաշխիքների համար Եվրոպան և Ամերիկան պետք է լինեն դաշինքի մեջ: Պուտինն անպայման կվերադառնա: 10 անգամ ավելի բանակով, քան հիմա, նախկին ԽՍՀՄ բոլոր երկրների ամբողջական օկուպացիայի համար։ Նա կգործի այնպես, ինչպես Ղրիմի հետ, կմտնի տարածք և պայմաններ կդնի»,- կարծում է նախագահը։
Զելենսկին նաև նշել է, որ խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ այն մասին, որ վերջինս ամեն ինչ կանի պատերազմն այս տարի ավարտելու համար։
«Բայց մենք պարզապես չենք ցանկանում արագ ավարտել պատերազմը, մենք ցանկանում ենք և պետք է դա անենք արդարացիորեն»,- հավելել է պետության ղեկավարը։