Այսօր տեղի կունենա ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը:
Այս արարողությանն ԱՄՆ-ում սովորաբար հրավիրվում էին միայն օտարերկրյա դիվանագետներ, բայց ոչ՝ այլ երկրների առաջնորդներ: Դոնալդ Թրամփը որոշել է խախտել այդ ավանդույթը. արարողությանը հրավիրված են ինչպես գործող, այնպես էլ նախկին վարչապետներ, նախկին նախագահներ, օտարերկրյա քաղաքական գործիչներ և գործարարներ:
Politico պարբերականի տվյալներով՝ հյուրերի ցանկը ցույց է տալիս, որ նրանք հիմնականում կրում են աջ պոպուլիստական հայացքներ։ Այսպես, արարողությանը հրավիրված են Իտալիայի և Հունգարիայի վարչապետներ Ջորջա Մելոնին և Վիկտոր Օրբանը, Արգենտինայի և Սալվադորի նախագահներ Խավիեր Միլեյը և Նայիբ Բուկելեն, ԵՄ-ի դեմ հանդես եկող բրիտանացի պոպուլիստ Նայջել Ֆարաժը, ֆրանսիացի աջ ծայրահեղական գործիչ Էրիկ Զեմուրը, Լեհաստանի նախկին վարչապետ Մատեուշ Մորավեցկին, Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն և բելգիացի Թոմ Վան Գրիկենը, որը 2014 թվականին պաշտպանել Է Ղրիմի օկուպացիան, իսկ հետագայում ներողություն խնդրել դրա համար։
Հայտնի է, որ Թրամփը հրավիրել է նաև Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին: Բայց նա որոշել է իր փոխարեն Ամերիկա ուղարկել փոխնախագահ Հան Չժենին։
Հրավիրված են նաև իսպանական «Վոքս» ուլտրաազգայնական կուսակցության առաջնորդ Սանտյագո Աբասկալը, պորտուգալական «Չեգա» աջ պոպուլիստական կուսակցության նախագահ Անդրե Վենտուրան։
Արարողությանը ներկա կլինեն ԱՄՆ նախկին նախագահներ Ջո Բայդենը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը և Բարաք Օբաման: Ընդ որում, չորս տարի առաջ Բայդենի երդմնակալությանը Թրամփը չի մասնակցել։
Հյուրերի թվում են միլիարդատերեր Իլոն Մասկը, Մարկ Ցուկերբերգը, Ջեֆ Բեզոսը, OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը և TikTok-ի ղեկավար Շոու Ցզի Չուն