Թուրքիայում երկար տարիներ հետախուզման մեջ գտնվող հանցավոր խմբավորման անդամներին Թուրքիային արտահանձնելու հետ կապված Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցին։ Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ՆԳՆ-ն X-ի իր էջում։
Հրապարակման մեջ նշվել է, որ Հայաստանի հետ համագործակցության արդյունքում Հայաստանում ձերբակալվել եւ Թուրքիային են արտահանձնվել 6 տարի եւ 15 տարի հետախուզման մեջ գտնվող Իբրահիմ Քայմաքը եւ Էրջան Յըլմազը։
Օրդուի ոստիկանության նահանգային վարչության հետ համագործակցության համար շնորհակալություն են հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցին։
Այդ կապակցությամբ հայտարարություն է տարածվել նաև Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքում։
«2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը արտահանձնեց Թուրքիայում կազմակերպված հանցավոր գործունեության մեջ ներգրավված երկու անձի՝ Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին արձագանքելով։ Թուրքիան բարձր է գնահատում այս հարցում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը»,- ասված է հայտարարության մեջ։