Միջազգային

Բաքվում տեղի է ունեցել ԼՂ նախկին ղեկավարների շինծու գործով դատավարությունը

Բաքվի ռազմական դատարանում տեղի է ունեցել ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործով դատավարության նախնական նիստը։ Այն կշարունակվի հունվարի 21-ին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ 

Նշվում է, որ նիստին տրամադրվել են հայերենի թարգմանիչներ և փաստաբաններ։ 

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ և ասել, որ «ափսոսում է 44-օրյա պատերազմի ժամանակ Գյանջայի հրթիռակոծման վերաբերյալ իր հայտարարության համար և ներողություն է խնդրում»։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են նաև, որ Հարությունյանը նշել է, որ այդ որոշումն իր կողմից չի կայացվել։

Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ ԼՂՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով նախնական նիստին նրան տրամադրվել է իր ընտրությամբ փաստաբան և ռուսաց լեզվի թարգմանիչ։ Վարդանյանը և նրա պաշտպանը երկու միջնորդություն են ներկայացրել։ Դատախազն առարկել է քրեական գործերը մեկ վարույթում միավորելու միջնորդությանը և դատարանին խնդրել է մերժել այն, բայց բավարարել է քրեական գործի քննության համար լրացուցիչ ժամկետ տրամադրելու միջնորդությունը։

Դատարանը 10 օր ժամանակ է տվել գործի նյութերին ծանոթանալու համար։ Վարդանյանի գործով դատական ​​նիստը կշարունակվի հունվարի 27-ին։