Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ Իսրայելի նախարարների կաբինետը նիստ կգումարի՝ հաստատելու ՀԱՄԱՍ–ի հետ Գազայի հատվածում զինադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագիրը․ գրում է Reuters-ը։
Նախարարների միջև տարաձայնությունների պատճառով Իսրայելը հետաձգել էր հինգշաբթի օրը նախատեսված նիստը, որում կառավարությունը պետք է դիրքորոշում հայտներ համաձայնագրի վերաբերյալ, փոխարենը մեղադրել է ՀԱՄԱՍ–ին հետաձգման համար։
Սակայն այսօր առավոտյան Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց, որ հաստատումը անխուսափելի է։ «Բանակցողների խումբը վարչապետ Բենյամին Նեթանյահուին տեղեկացրել է, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել պատանդներին ազատելու վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ։
Սպասվում է, որ հրադադարի համաձայնագիրը հաստատվելուց հետո պաշտոնապես ուժի մեջ կմտնի կիրակի օրը։
Մինչ այդ, Գազայում իսրայելական ռմբակոծիչները շարունակում են ինտենսիվ հարվածներ հասցնել, իսկ պաղեստինյան իշխանությունները հայտնում են, որ զինադադարի հայտարարությունից հետո առնվազն 86 մարդ է զոհվել հաջորդ օրը։