Միջազգային

Բայդենը համեմատություն է անցկացրել իր և Էյզենհաուերի հրաժեշտի ուղերձների միջև

Բայդենը համեմատություն է անցկացրել իր և Էյզենհաուերի  հրաժեշտի ուղերձների միջև

Բայդենը չորեքշաբթի ամերիկացիներին ուղղված իր հրաժեշտի ուղերձում քիչ ժամանակ է հատկացրել իր միակ նախագահական ժամկետի ձեռքբերումները ներկայացնելուն։ Նախագահը դրա փոխարեն ամերիկացիներին ասել է, որ կցանկանար օգտագործել իր վերջին ուղերձը երկրին զգուշացնելու համար որոշ բաների մասին, որոնք իրեն մեծ անհանգստություն են պատճառում:

Բայդենը, խոսելով նոր օլիգարխիայի իշխանության աճի մասին, համեմատություն է անցկացրել իր և ԱՄՆ նախկին նախագահ Դուայթ Էյզենհաուերի՝ 1961թ. հրաժեշտի ուղերձների միջև։

Ըստ Բայդենի՝ Էյզենհաուերը, ինչպես հայտնի է, նախազգուշացնում էր զարգացող «ռազմարդյունաբերական համալիրի» ազդեցության աճի հետ կապված վտանգների մասին: Այսօր, ըստ Բայդենի, տեսանելի սպառնալիքը գալիս է «բարձր տեխնոլոգիական արդյունաբերական համալիրից»:

«Այժմ, վեց տասնամյակ անց, ես նույնքան անհանգստացած եմ տեխնոլոգիական արդյունաբերական համալիրի ազդեցության հնարավոր աճով», - հայտարարել է Բայդենը:

Կլիմայի փոփոխության դեմ պայքարը նրա մատնանշած մի քանի օրինակներից մեկն էր։

«Հզոր ուժերը ցանկանում են գործադրել իրենց անվերահսկելի ազդեցությունն ու վերացնել այն քայլերը, որոնք մենք ձեռնարկել ենք կլիմայական ճգնաժամի դեմ պայքարելու համար։ Նրանց քայլերը ծառայում են իրենց շահերին՝ իշխանությանն ու շահույթին», - ասել է Բայդենը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական