Միջազգային

Գազայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության են եկել

Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին հայտարարել է, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու հարցում եկել են համաձայնության։

Համաձայնագրով ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի որոշ իսրայելցի պատանդների․ գրում է BBC-ն։

Ալ Թանին նշել է, որ հրադադարը ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին, սակայն դրա մեկնարկի հստակ ժամը դեռ որոշված չէ: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Կատարում այդ երկրի միջնորդությամբ հանդիպումների ընթացքում:

Այս պահին Իսրայելի կառավարությունը դեռ չի հաստատել համաձայնագիրը, բայց ակնկալվում է, որ կանի առաջիկա օրերին: Արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը միայն վերջին ժամերին է ընդհատել արտասահմանյան այցը և շտապ վերադառնում հայրենիք: ՀԱՄԱՍ-ն, ըստ լրատվամիջոցի աղբյուրի, արդեն հաստատել է իր համաձայնությունը:

Ըստ գործարքի՝ հրադադարը կշարունակվի վեց շաբաթ (42 օր), որի ընթացքում իսրայելական զորքերը աստիճանաբար կհեռանան Գազայից: Գազա ամեն օր թույլատրվելու է հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարների մուտքը: ՀԱՄԱՍ-ը համաձայնվել է այս փուլում ազատ արձակել 33 պատանդի, մինչդեռ նրանց մոտ մնացած պատանդների ընդհանուր թիվը, ըստ Իսրայելի, 94 է, որոնցից 34-ը, հնարավոր է, մահացած են: