Միացյալ Նահանգները կմասնակցի պատանդների ազատ արձակման գործընթացին՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի շրջանակներում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Այս գործարքի տարրերը հիմնված են այս տարվա մայիսին իմ կողմից ներկայացված առաջարկի վրա, որը հավանության է արժանացել աշխարհի երկրների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ճնշող մեծամասնության կողմից։ Համաձայնագիրը ներառում է երեք փուլ։ Առաջին փուլը կտևի վեց շաբաթ։ Այն պահանջում է ամբողջական հրադադար, իսրայելական զորքերի դուրսբերում Գազայի բոլոր բնակեցված շրջաններից և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող մի շարք պատանդների ազատում, այդ թվում՝ կանանց, ծերերի և վիրավորների։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ այս փուլում պատանդների ազատ արձակմանը կմասնակցեն նաև ամերիկացիները»,- ասել է Բայդենը։
ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ առաջին փուլի շրջանակներում պաղեստինցիները կկարողանան վերադառնալ իրենց տներ, և հումանիտար օգնությունը կսկսի հոսել տարածաշրջան։
«Առաջիկա վեց շաբաթվա ընթացքում Իսրայելը բանակցություններ կվարի երկրորդ փուլին նախապատրաստվելու համար, որը պետք է հանգեցնի պատերազմի վերջնական ավարտին: Կան մի քանի մանրամասներ, որոնք պետք է մշակվեն՝ առաջին փուլից երկրորդին անցնելու համար: Պլանը նախատեսում է, որ եթե բանակցությունները տևեն ավելի քան վեց շաբաթ, հրադադարն ուժի մեջ կմնա մինչև բանակցությունների ավարտը, ես բանակցություններ եմ վարել Քուվեյթի էմիրի և Եգիպտոսի նախագահի հետ, և մենք պայմանավորվել ենք պահպանել բանակցային գործընթացն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է:
Երկրորդ փուլը ներառում է մնացած պատանդների, այդ թվում՝ տղամարդ զինվորների փոխանակումն ու ազատումը։ Միաժամանակ, իսրայելական բոլոր ուժերը դուրս կգան Գազայից։ Այդ պահին ժամանակավոր զինադադարը կդառնա մշտական»,- նշել է նախագահը։
Բայդենը հավելել է, որ երրորդ փուլը կներառի զոհված պատանդների աճյունները նրանց ընտանիքներին վերադարձնելու, ինչպես նաև Գազայի հատվածի վերականգնման հսկայական ծրագրի մեկնարկը։