Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրենք սկզբունքորեն բաց են Թրամփի վարչակազմի հետ երկխոսության համար, սակայն ընդգծել է, որ ԱՄՆ-ը նախկինում չի կատարել իր պարտավորությունները և շարունակել է փորձել տապալել Իրանի կառավարությունը։
Նա պնդել է, որ Իրանը կասկածում է երկխոսության արդյունավետությանը՝ պատճառաբանելով, որ «երկխոսությունները հաճախ օգտագործվում են Իրանի կառավարությունը տապալելու նպատակով»։
Փեզեշկյանը նշել է, որ Իրանը չի ձգտում պատերազմ սկսել, սակայն պատրաստ է պաշտպանել իրեն, եթե միջուկային օբյեկտները հարձակման ենթարկվեն։ «Մենք չենք վախենում պատերազմից, բայց նաև չենք ձգտում դրան։ Հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա, քանի որ նման իրավիճակը վնաս կհասցնի բոլոր կողմերին, ոչ միայն մեզ»,- ասել է նա։
Փեզեշկյանն հերքել է ԱՄՆ-ի պնդումները, թե Իրանը ձգտում է ստեղծել միջուկային ռումբ։ «Դա ճիշտ չէ։ Մեզ մեղադրում են պարզապես պատրվակ ստեղծելու համար»,- նշել է նա։
Իրանի նախագահը հերքել է, որ երկրի դիրքերը թուլացել են տարածաշրջանում, չնայած Հեզբոլլահի, ՀԱՄԱՍ-ի և Ասադի ռեժիմի նկատմամբ վերջին հարվածներին։ «Մենք նախորդ տարվա համեմատ ավելի համակարգված և վճռական ենք գործում։ Մեր երկրի անվտանգության համակարգը դարձել է ավելի հուսալի»,- ասել է նա։
Հարցին, թե արդյոք Իրանը կարող է դեր ունենալ Գազայում հրադադարի համաձայնագրի կնքման գործում, Փեզեշկյանն ասել է. «Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն տիրի»։