Միջազգային

«Հայաստանը ԵԱՏՄ անդամակցության հիմնական շահառուն է». Օվերչուկ

«Վերջին տարիներին Հայաստանի առևտրի և տնտեսության աճը խոսում է այն մասին, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամակցության հիմնական շահառուն է»․ այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Լրագրողների այն հարցին, թե արդյոք ինչ-որ մեկը կարող է Երևանի տեղը զբաղեցնել ԵԱՏՄ-ում, Օվերչուկը կոռեկտ չի համարել պատասխանել․

«Այդպիսի հարց չի կարելի դնել, որովհետև ԵԱՏՄ-ին միանալու հարցը միշտ էլ երկրի ինքնուրույն որոշումն է, որն իր շահերից ելնելով որոշում է՝ անդամակցել, կամ չանդամակցել։ Այստեղ ակնհայտ օգուտներ կան»,- հայտարարել է Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետը թվարկել է այդ օգուտները՝ էներգետիկ և պարենային անվտանգության ապահովում, տնտեսության զարգացման համար կայուն պայմանների ստեղծում և, ամենակարևորը, առանց խոչընդոտների մուտք հսկայական շուկա, որտեղ կա ապրանքների պահանջարկ, նաև՝ հսկայական ներուժ տնտեսական զարգացման, մարդկանց և բիզնեսի եկամուտների ավելացման համար։