Միջազգային

Կոպիրկինը ԱԳՆ է կանչվել «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունների համար

«Россия сегодня» գործակալության գլխավոր տնօրեն, հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը ռուսական NEWS.ru-ին հայտարարել է, որ չգիտի, թե «Вести недели» հաղորդաշարի թողարկման ժամանակ հնչած որ արտահայտության պատճառով են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին կանչել հանրապետության ԱԳՆ։ Նա չի մեկնաբանել տեղի ունեցածը՝ նշելով, որ ասելու ոչինչ չկա։

«Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին։ Առայժմ մեկնաբանելու ոչինչ չկա», - ասել է Կիսելյովը:

Ըստ NEWS.ru-ի մեկ այլ հրապարակման՝ Երևանը վրդովված է Զանգեզուրի միջանցքի մասին Դմիտրի Կիսելյովի հայտարարություններից։

«Երևանը բողոքի նոտա է հանձնել Մոսկվային Զանգեզուրի միջանցքի մասին «Вести недели» հաղորդումից հետո։ Այնտեղ Կիսելյովը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ անտեսել է եռակողմ հայտարարությամբ սեփական պարտավորությունը և Ալիևի կատեգորիկ պահանջը՝ վերջապես բացել այդ ճանապարհը»,- ասվում է NEWS.ru-ի հրապարակման մեջ։