Միջազգային

Չինացի 2 զբոսաշրջիկի մոտ շուրջ 22 մլն ռուբլու զարդեր են գտել

«Շերեմետևո» օդանավակայանում մաքսավորները Չինաստանից ժամանած 2 օտարերկրացուց 22,5 միլիոն ռուբլու չհայտարարագրված զարդեր են հայտնաբերել․ ասվում է դաշնային մաքսային ծառայության կայքում:

«Հայտնի ապրանքանիշերի զարդերը փորձել են տեղափոխել 2 օտարերկրացի՝ 48-ամյա մի տղամարդ և 29-ամյա մի աղջիկ։ Դրանք տեսուչի կողմից կանգնեցվել են VIP սրահի ուղևորների համար նախատեսված կանաչ միջանցքում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Մաքսավորները տղամարդու ճամպրուկներում հայտնաբերել են Mikimoto վզնոց, 2 մատանի և ականջօղեր, իսկ կնոջ մոտ՝ Cartier ականջօղեր և կախազարդ, T&CO ապարանջան և մատանի: Ուղևորները պարզաբանել են, որ դրանք անձնական իրեր են, իսկ մաքսային կանոնները չեն իմացել։

Փորձագետը պարզել է, որ զարդերը պատրաստված են 990 և 950 հարգի պլատինի համաձուլվածքից, 750 հարգի ոսկուց։ Մաքսի չվճարումը կազմել է ավելի քան 6,9 միլիոն ռուբլի:

Գերատեսչությունում պարզաբանել են, որ որոշվում է քրեական գործեր հարուցելու հարցը ՌԴ ՔՕ 226.1-րդ հոդվածով (ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների մաքսանենգություն) և 194-րդ հոդվածով (մաքսավճարներից խուսափում): Խախտողներին կարող է սպառնալ մինչև հինգ տարվա ազատազրկում։