Միջազգային

Հարավային Կորեայի նախագահին ձերբակալել են

Հարավային Կորեայում երկրորդ փորձից հաջողվել է ձերբակալել երկրի նախագահ Յուն Սոկ Յոլին, ում խորհրդարանը դեկտեմբերին իմփիչմենտ էր հայտարարել՝ ռազմական դրություն մտցնելու փորձի համար: Նախագահը հայտարարել է, որ ինքնակամ համաձայնել է ներկայանալ հարցաքննության:

Սա աննախադեպ է Հարավային Կորեայի պատմության մեջ․ առաջին անգամ ձերբակալվում է գործող, թեև լիազորություններից ժամանակավորապես զրկված, նախագահ:

Երկարաժամկետ դիմադրությունից հետո, որն այս անգամ նույնպես տևեց ժամեր (ինչպես առաջին փորձի ժամանակ՝ 12 օր առաջ), իրավապահներին հաջողվեց Յունին տեղափոխել Կոռուպցիայի քննության բյուրո՝ հարցաքննության:

Հարցաքննությունից առաջ Յուն Սոկ Յոլը հրապարակել է կարճ տեսաուղերձ, որտեղ նշել է, որ իր ձերբակալությունն ապօրինի է, սակայն որոշել է համագործակցել, որպեսզի խուսափի արյունահեղությունից.

«Թեև այս գործը ապօրինի է, ես որոշեցի ներկայանալ Կոռուպցիայի քննության բյուրո, որպեսզի կանխեմ ավելորդ արյունահեղությունը: Բայց դա չի նշանակում, որ ես համաձայն եմ նրանց կողմից գործի բացման հետ»,- ասել է նա:

Յունը նաև ընդգծել է, որ երկրում խախտվում է իրավունքի գերակայության սկզբունքը, և թե՛ գործի քննության մեջ ներգրավված մարմինները, թե՛ դատարանը, որը տրամադրել է ձերբակալման հրամանը, գործելու իրավունք չեն ունեցել: