Մոսկվան ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին Երևանի որոշումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ․ այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Նրանք ասում են, որ չեն պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Բայց որն է իրավիճակի առանձնահատկությունը: Խոսակցություններն այն մասին, որ Հայաստանը մերձենում է Եվրամիության հետ, վաղուց էին ընթանում, քննարկումներ կային, բայց 2025թ․ հունվարի 9-ին Հայաստանի կառավարությունն, աջակցելով ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկը հայտարարելու մասին օրինագծին, իրավաբանորեն նշանակալի քայլ կատարեց։ Սա է այս իրավիճակի առանձնահատկությունը: Սա Հայաստանի կառավարության որոշումն էր, և մենք այն դիտարկում ենք որպես ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ»,- հայտարարել է Օվերչուկը։
Ըստ ՌԴ փոխվարչապետի՝ հետագա քայլերը ևս Հայաստանինն են։
«Նրանք կամ պնդում են, որ Հայաստանի կառավարության օրակարգում նման հարց չկա ու չեն ծրագրում դուրս գալ (ԵԱՏՄ-ից), կամ՝ որ իրենք կգնահատեն, թե որտեղ ավելի լավ կլինի։ Տեսնենք՝ ինչպես կզարգանա իրավիճակը», - ասել է Օվերչուկը։
«Ցավոք, արդեն անցյալ տարի մենք սկսեցինք տեսնել, որ ԵՄ - ին անդամակցելու շուրջ քննարկումների ազդեցության տակ ռուսական բիզնեսը սկսել է ավելի զգուշավոր վերաբերել Հայաստանի հետ տնտեսական կապերի հետագա պահպանմանն ու զարգացմանը։ Մենք պետք է ավելի ուշադիր լինենք Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացման հարցում: Մենք տեսանք, որ մի շարք ուղղություններով սկսվել է գործարար ակտիվության դադարեցում»,- ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։