Միջազգային

Ուելսի արքայադուստրը հայտնել է ռեմիսիայի մասին

Ուելսի արքայադուստր Կատերին Միդլթոնը հայտնել է, որ իր մոտ սկսել է ռեմիսիա։ Այս մասին նա գրել է սոցիալական ցանցերում՝ այցելելով Մարսդենի թագավորական հիվանդանոց, որտեղ անցել էր բուժում․ հայտնում է BBC-ն։

Իր հրապարակման մեջ Կատերինը նշել է, որ դեռ «կենտրոնացած է ապաքինման վրա»։ 

«Ինչպես բոլոր նրանց, ովքեր բախվել են «քաղցկեղ» ախտորոշմանը, ինձ նույնպես ժամանակ է պետք, որպեսզի հարմարվեմ նոր նորմալ կյանքին։ Այնուամենայնիվ, ես անհամբերությամբ սպասում եմ ակտիվ և հագեցած տարուն», – գրել է արքայադուստրը՝ ստորագրելով գրառումը «Կ» տառով։

Ուելսի արքայադստեր առողջական խնդիրների մասին առաջին անգամ հայտնի դարձավ մեկ տարի առաջ, երբ նրա մոտ իրականացվեց որովայնի վիրահատություն։ 2024 թվականի մարտին Կատերինը հրապարակայնորեն պատմեց իր ախտորոշման մասին։ Վեց ամիս անց՝ սեպտեմբերին, նա հայտարարեց, որ ավարտել է քիմիաթերապիայի կուրսը և հավելեց, որ «այժմ ամեն ինչ կանի, որպեսզի այլևս չհիվանդանա քաղցկեղով»։

Բրիտանական Cancer Research UK բարեգործական կազմակերպության պարզաբանմամբ՝ «ռեմիսիա» տերմինը նշանակում է քաղցկեղային ուռուցքի տեսանելի նշանների բացակայություն բուժումից հետո։ Սակայն չարորակ ուռուցքները երբեմն կարող են կրկին հայտնվել, այդ պատճառով բժիշկներն օգտագործում են «ռեմիսիա» բառը՝ բուժումը լիովին հաջողված համարելու փոխարեն։