Միջազգային

Լավրովի նամակը Բայրամովին կեղծիք է․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ենթադրյալ նամակն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին կեղծիք է, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ 

«Լավրովի ենթադրյալ նամակը գրված է անգլերենով, որում ասվում է, որ մեր երկիրը չի կարող երաշխավորել ռուսական օդային տարածքի անվտանգ օգտագործումը։ Սա ցինիկ և կոպիտ կեղծիք է, որը նախատեսված է հուզական ռեակցիա առաջացնելու համար: Հեղինակներն այն ուղարկել են սովորական փոստային տիրույթից և սովորական էլ. փոստի հասցեից։

Ակնհայտ է, որ նման չարամիտ ապատեղեկատվության հետևում թաքնված է քաղաքական պատվեր և փորձ շահարկելու դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիների» մարդատար ինքնաթիռի կործանման թեման։  Հիշեցնենք, որ ավիավթարի պատճառների հետաքննությունն իրականացնում են համապատասխան մարմինները։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում տեղեկատվական տարածքի բոլոր պատասխանատու մասնակիցներին, առաջին հերթին՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին և բլոգերներին, քննադատաբար վերաբերվել ցանկացած չստուգված տվյալների և նյութերի։

Խստորեն խորհուրդ ենք տալիս լինել զգոն, չվստահել կեղծիքներին և ապավինել միայն ստուգված տեղեկատվությանը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական նյութերն ու հայտարարությունները, Լավրովի ելույթների սղագրությունները և արտասահմանյան գործընկերների հետ հեռախոսազրույցներին հաջորդած հաղորդագրությունները տեղադրվում են վեբ-պորտալում և ԱԳՆ-ի օգտահաշիվներում՝ սոցիալական ցանցերում»,- ասվում է հաղորդագրությունում։