Միջազգային

Թուրքիան պատրաստ է օգնել սիրիացիներին․ Հաքան Ֆիդան

Թուրքիան պատրաստ է նպաստել այն դժվարին ճանապարհի թեթևացմանը, որով պետք է անցնի սիրիացի ժողովուրդը։ Այս մասին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում Սիրիայի հարցով հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Ֆիդանը Սիրիայի նոր վարչակազմի արտաքին գործերի նախարար Ահմեդ ալ-Շայբանիի ներկայությունը հանդիպմանը անվանել է «շրջադարձային և պատմական պահ»:

Դիվանագետն ընդգծել է, որ Սիրիայում իրադարձությունների հետագա զարգացման համար ամենամեծ պատասխանատվությունը կրում են տարածաշրջանի երկրները։ Նա ընդգծել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը, միասնությունն ու ինքնիշխանությունը այն հիմնարար սկզբունքներն են, որոնց վրա Թուրքիան կառուցում է իր բոլոր ջանքերը։