Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Չինաստանի դեսպան Չժոու Ցյանի հետ:
«Զրույցի ընթացքում քննարկվել են Վրաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրով նախատեսված ոլորտներում համագործակցության հարցերը, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի զարգացման դրական դինամիկան։ Նշվել է, որ ազատ առևտրի համաձայնագիրը և առանց վիզայի ռեժիմը, ինչպես նաև մարդկանց միջև կապերը լավ հնարավորություն են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: Կողմերը վերահաստատել են արդյունքին միտված համագործակցության հետագա ամրապնդման պատրաստակամությունը»,- ասված է կառավարության աշխատակազմի հաղորդագրությունում:
Իրակլի Կոբախիձեն Չինաստանի դեսպանի հետ հանդիպել էր նաև անցյալ ամիս: Ինչպես այն ժամանակ հայտնել էին վարչակազմում, դեկտեմբերի 6-ին կայացած հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Անակլիա նավահանգստի նախագծի իրականացման գործում չինացի գործընկերների մասնակցությանը: