Միջազգային

Զուրաբիշվիլին կմասնակցի Թրամփի երդմնակալությանը

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հաստատել է, որ հունվարի 20-ին Վաշինգտոնում ներկա կգտնվի Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը․

«Ես այնտեղ բարձր մակարդակի հանդիպումներ եմ ունենալու»,- իր նոր գրասենյակում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Զուրաբիշվիլին։

ԱՄՆ նոր նախագահի երդմնակալությանը Զուրաբիշվիլիին հրավիրել է հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը: Դա տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին՝ Վրաստանի վեցերորդ նախագահի պաշտոնում Միխայիլ Կավելաշվիլիի երդմնակալությունից երկու օր առաջ։

Կավելաշվիլին մինչ այժմ ոչ մի հրավեր չի ստացել։

«Վրացական երազանք»- ում նախապես հայտարարել են, որ Զուրաբիշվիլիի այցն ԱՄՆ մասնավոր բնույթ է կրելու և չի մատնանշում, որ Թրամփի վարչակազմը Զուրաբիշվիլիին համարում է իշխանության լեգիտիմ ներկայացուցիչ: Ավելին, իշխող կուսակցությունում ակնարկել են, որ Զուրաբիշվիլիի հրավերը գնվել է ամերիկյան լոբբիստների միջոցով, որին արդեն նախկին նախագահն արձագանքել է, որ երդմնակալության հրավերի տարբեր տարբերակներ կան, որոնց համար ոչ ոք գումար չի վճարում․ «Իսկ եթե այդպես լիներ, շատերի ռեսուրսներն ավելի շատ են, քան իմը», - նշել է Զուրաբիշվիլին։