Չինաստանում հայտնաբերվել է կապիկի ջրծաղիկի վիրուսի նոր շտամի կլաստերային բռնկում․ հայտնում է Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
«Վերջերս Չինաստանում հայտնաբերվել է կապիկի ջրծաղիկի վիրուսի Ib ենթատեսակի կլաստերային բռնկում: Վարակի աղբյուր է դարձել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ճանապարհորդության և բնակության պատմություն ունեցող օտարերկրյա քաղաքացին», - ասված է կենտրոնի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Բռնկումը հայտնաբերելուց հետո Չինաստանը և նրա առանձին շրջաններ, ինչպիսիք են Չժեցզյան, Գուանդուն նահանգները, ինչպես նաև Պեկին և Տյանցզին քաղաքները, օպերատիվ կերպով գործարկել են համատեղ կանխարգելման և վերահսկման մեխանիզմ՝ համաճարակաբանական հետաքննություն և դեպքերի հետևում, ռիսկերի հետազոտություն, ախտորոշում և բուժում իրականացնելու համար:
Նշվում է, որ 4 դեպք է հայտնաբերվել այն մարդկանց շրջանում, ովքեր սերտ շփում են ունեցել վարակվածի հետ: Նրանք հիմնականում ունեցել են ցան, հերպես, որոնք համեմատաբար մեղմ էին արտահայտված: Ինչպես ընդգծել են կենտրոնում, համաճարակային իրավիճակը «արդյունավետորեն կարգավորվել է», իսկ բոլոր հիվանդացածները ստանում են անհրաժեշտ բուժում: