Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը հրահանգել է տարհանել մարդկանց հարավում գտնվող Հոլիվուդի բուլվարի, հյուսիսում՝ Մուլհոլանդ դրայվի, արևելքում՝ 101 ավտոմայրուղու և արևմուտքում՝ Լորել Կանյոն բուլվարի շրջաններից։
Այս տարածքում է գտնվում «Դոլբի» թատրոնը, որտեղ տեղի է ունենում «Օսկարի» մրցանակաբաշխությունը։ Կազմակերպիչները հայտնել են, որ հրդեհի պատճառով հաջորդ շաբաթ «Օսկարի» հավակնորդների հայտարարումն արդեն 2 օրով հետաձգվել է:
Լոս Անջելեսի շուրջ մոլեգնող անտառային հրդեհները տարածվել են հոլիվուդյան բլուրներում։ Այս տարածքում հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, ավերվել են 100-ավոր տներ, իսկ հրշիջման ռեսուրսներն ու ջրի պաշարները մինչև վերջ սպառվել են: Ավելի քան 100․000 մարդ տարհանման հրաման է ստացել, քանի որ չոր փոթորկի քամին դժվարացրել է հրդեհները մարելը և նպաստել հրդեհների տարածմանը:
«Այս հրդեհն ամենամեծն է»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը:
Չնայած օդերևութաբանները հայտարարել են, որ չորեքշաբթի երեկոյան քամին կարճ ժամանակով կթուլանա, սպասվում է, որ, այսպես կոչված, «կարմիր դրոշները» կպահպանվեն մինչև ուրբաթ: