Միջազգային

Օվերչուկը ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու ձգտումները համեմատում է Տիտանիկի տոմս գնելու հետ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունն անհամատեղելի են և հայտարարել, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի։ 

«Երկու միավորումներն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատություն։ Պատկերացնել, որ այս երկու միություններն ինչ-որ պահի կհամախմբվեն, անհնար է։ ՀՀ-ում քննարկվող «Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծն այս երկիրը դնում է ընտրության առաջ։

ԵԱՏՄ-ի հետ Երևանի հարաբերությունների դադարեցման դեպքում Հայաստանում կբարձրանան էներգիայի և պարենի գները, իսկ հայկական ապրանքների արտահանումը կկրճատվի 80 տոկոսով: Այսպիսով՝ սովորական մարդիկ կկորցնեն եկամուտները, աշխատանքը և կսկսեն ավելի շատ վճարել ամենաանհրաժեշտ բաների համար։ Փոխարենը՝ նրանք, ամենայն հավանականությամբ, կստանան առանց վիզայի ռեժիմ (եվրոպական երկրների հետ), Իսկ Հայաստանը ՝ դեպոպուլյացիա։ Այժմ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունն արտոնություն է, իսկ հաշվի առնելով տնտեսական և սոցիալական խնդիրները, որոնց բախվում է Եվրամիությունը, ԵՄ-ին անդամակցությունը կարելի է համեմատել Տիտանիկի տոմս գնելու հետ»,- եզրափակեց Օվերչուկը:

Նա հավելել է, որ եթե օրինագծի մշակողներն ազնիվ լինեին ինչպես Հայաստանի ժողովրդի, այնպես էլ ԵԱՏՄ մյուս երկրների նկատմամբ, ապա կարող էին նախագիծը միանգամից լրացնել ԵԱՏՄ-ից Երևանի դուրս գալու մասին հոդվածով․ «Իսկ եթե այդպես հարց չի դրվում, ուրեմն այդ օրինագծի հեղինակներն իրենք են իրենց հաշիվ տալիս մեր միությունից Հայաստանի դուրս գալու հետևանքների մասին»։