Միջազգային

Զելենսկին որոշել է կրկին առաջադրվել. սպասում է Զալուժնիի պատասխանին. «Telegraph»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է երկրորդ ժամկետով առաջադրվել նախագահի պաշտոնում, այս մասին գրել է ուկրաինական «Telegraph» պարբերականը՝ վկայակոչելով պետության ղեկավարի շրջապատը: Ուկրաինայի առաջնորդը հրապարակավ դա չի հաստատել։

Պարբերականը նշում է, որ 52% վստահության մակարդակ ունեցող Զելենսկին հնարավորություն ունի հաղթել նախագահական ընտրություններում, պայմանով, որ դրանցում չառաջադրվի Զելենսկու գլխավոր մրցակիցը՝ Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին, որը այժմ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանն է:

Պարբերականը նշում է, որ Զալուժնիին իրենց քաղաքական ծրագրերում տեսնում են նաև այլ քաղաքական ուժեր։ Պարբերականի պնդմամբ՝ նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Զալուժնիին փոխանցել է, որ եթե նա ընտրություններում չառաջադրի իր թեկնածությունը, այլ մասնակցի Զելենսկու կողմից, ապա կարող է ստանալ առաջին տեղը «Ժողովրդի ծառա» կուսակցության ցուցակում և Գերագույն ռադայի խոսնակի աթոռը։

Հակառակ դեպքում Ուկրաինայի նախկին գլխավոր հրամանատարին քրեական հետապնդում է սպառնում, օրինակ՝ 2022 թվականին Խերսոնը ռուսական զորքերին հանձնելու գործով, պնդում է «Տելեգրաֆը»՝ վկայակոչելով քաղաքական շրջանակներում իր անանուն աղբյուրները։

«Տելեգրաֆի» հարցմանն ի պատասխան՝ Զալուժնին հրաժարվել է մեկնաբանել իր քաղաքական ծրագրերը՝ կարճ պատասխանելով. «Սկզբում մենք կպահպանենք պետականությունը։ Եվ հետո կխոսենք»: