Միջազգային

Անհանգստացած են Իրանում մահապատիժների թվի աճով

2024 թվականի ընթացքում Իրանում մահապատժի է ենթարկվել առնվազն 901 մարդ, այդ թվում՝ մոտ 40-ը՝ միայն դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թիրկը հայտնել է, որ մահապատիժների թիվը շարունակում է աճել, ինչը մեծ անհանգստություն է առաջացնում: Ըստ նրա՝ մահապատիժների նման աճը անհամատեղելի է մարդու կյանքի հիմնարար իրավունքների հետ, և անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել մահապատիժների իրականացումը․ գրում է BBC-ն։

ՄԱԿ-ի տվյալներով՝ մահապատիժների հիմնական պատճառը թմրանյութերի հետ կապված հանցագործություններն են, սակայն մահապատժի ենթարկվածների մեջ կան նաև քաղաքական ակտիվիստներ ու մարդիկ, որոնք կապված են 2022 թվականի ցույցերի հետ: Ավելացել է նաև մահապատիժի ենթարկված կանանց թիվը:

Այս տարի Իրանում մահապատիժների թիվը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը մոտ 6%-ով:

IHR-ի փորձագետների կողմից երկուշաբթի հրապարակված զեկույցում ասվում է, որ 2024 թվականին Իրանում մահապատժի է ենթարկվել առնվազն 31 կին, ինչը ամենաբարձր ցուցանիշն է այն 17 տարիների ընթացքում, որ Կազմակերպությունը հավաքում է նման վիճակագրություն: Նշվում է, որ 19 կին դատապարտվել է մահապատժի ՝ սպանության մեղադրանքով: Մահապատժի ենթարկված ևս 12 կին դատապարտվել է թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար: