Միջազգային

Ինչո՞ւ է Թրամփին հարկավոր Գրենլանդիան

ԱՄՆ ընտրած նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիայի միացման գործարքը, որին կտրականապես դեմ է Դանիան, պետք է կայանա և կղզին «կրկին մեծ» դարձնելու կոչ է արել։ 

Ավելի ուշ Մար-ա-Լագոյի առանձնատանը հրավիրված ասուլիսում Թրամփն ասել է, որ Դանիան պետք է Գրենլանդիան զիջի ԱՄՆ-ին՝ «ազատ աշխարհը» պաշտպանելու նպատակով, այդ թվում՝ Չինաստանի և Ռուսաստանի նավերից, ինչպես նաև չի բացառել, որ նա ռազմական ուժ կկիրառի կղզու վրա վերահսկողություն հաստատելու համար:

Նախօրեին Դոնալդ Թրամփ կրտսերը ժամանել էր Գրենլանդիայի մայրաքաղաք, սակայն տեղի իշխանությունները հրաժարվել են հանդիպել նրա հետ՝ այցն անվանելով մասնավոր։

Bloomberg-ն առանձնացրել է կղզու նկատմամբ ԱՄՆ ընտրված նախագահի հետաքրքրության մի քանի պատճառ։ 

- Գրենլանդիան վերահսկում է ռազմավարական ծովային ուղիները Հյուսիսային Ատլանտյան և Արկտիկայի սահմանին, ինչպես նաև հայտնի օդային երթուղիները։ 

- Տարածաշրջանում կան կարևորագույն օգտակար հանածոների հսկայական պաշարներ, որոնք ԱՄՆ-ից բացի հետաքրքրում են Ռուսաստանին և Չինաստանին, ինչպես նաև նավթի և գազի մեծ պաշարներ։

- Գրենլանդիայում է գտնվում ԱՄՆ-ի ամենահյուսիսային ավիաբազան և ռադիոլոկացիոն կայանը, որն օգտագործվում է հրթիռային սպառնալիքները հայտնաբերելու և տիեզերքը վերահսկելու համար:

Թրամփի հայտարարությունների ինտենսիվությունն ամրապնդվում է նաև նրանով, որ նախկինում Գրենլանդիայի վարչապետ Մութ Էգեդեն իր ամանորյա ելույթում հանդես էր գալիս Դանիայից անկախանալու օգտին։ Սակայն նա ընդգծել է, որ շահագրգռված չէ կղզին միացնել ԱՄՆ-ին։