Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե 2024թ. դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը կրում են ՌԴ ներկայացուցիչները։
«Ես դեռ չեմ ցանկանում բացահայտել քրեական գործի բոլոր մանրամասները, սակայն ինձ տեղեկացվել է նախաքննության ընթացքի և արդյունքների մասին»,- ասել է նա՝ հավելելով,- «Կարող եմ վստահաբար ասել, որ այս ողբերգական դեպքի հետևանքով զոհված Ադրբեջանի քաղաքացիների ողբերգության պատասխանատվությունը կրում են Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները։ Մենք պահանջում ենք արդարություն, մեղավորների պատժում, լիակատար թափանցիկություն և մարդասիրական մոտեցում»։
Այսօր Ալիևն ըւնդունել է ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածների հարազատներին ու ողջ մնացած բորտ-ուղեկցորդներին։
Նա ասել է, թե այժմ ընթանում է սև արկղերի վերծանման գործընթացը. «Վստահ եմ, որ առաջիկայում կիմանանք նախնական արդյունքը, և ամեն ինչ իր տեղը կընկնի, տեղի ունեցած ողբերգության ողջ պատկերը հայտնի կլինի»։
Ալիևի խոսքով. «Եթե Գրոզնին ժամանակին միջոցներ ձեռնարկեր իր տարածքում Ռուսաստանի օդային տարածքը փակելու համար, խստորեն պահպաներ ցամաքային ծառայությունների կանոնները, ինչպես նաև ապահովեր զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական ծառայությունների միջև համակարգումը, ողբերգությունից հնարավոր կլիներ խուսափել»: