Միջազգային

Բայդենի վարչակազմը ծրագրում է 8 միլիարդ դոլարի զենք վաճառել Իսրայելին

ԱՄՆ Պետքարտուղարությունը Կոնգրեսին «ոչ պաշտոնապես» ծանուցել է Իսրայելի հետ 8 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության գործարքի մասին, գրում է Axios-ը։

Գործարքը կներառի կործանիչներ և գրոհային ուղղաթիռներ, ինչպես նաև հրետանային արկեր։ Սա, հավանաբար, կլինի Իսրայելին զենքի վերջին վաճառքը, որին Բայդենի վարչակազմը հավանություն կտա: Դա տեղի է ունենում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա կողմնակիցների վերջին ամիսների պնդումների ֆոնին, որ Բայդենը լուռ «զենքի էմբարգո» է սահմանել Իսրայելի նկատմամբ, նշում է կայքը։

Ըստ կայքի աղբյուրների՝ սա երկարաժամկետ պայմանագիր է։

Նշվում է, որ Պետդեպարտամենտը Կոնգրեսին ասել է, որ գործարքը նպատակ ունի «աջակցել Իսրայելի երկարաժամկետ անվտանգությանը՝ վերամատակարարելով կարևոր զինամթերքի պաշարները և հակաօդային պաշտպանության հնարավորությունները»:

«Նախագահը հստակ հասկացրեց, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանելու իր քաղաքացիներին՝ համաձայն միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև զսպելու Իրանի և նրա վստահված կազմակերպությունների ագրեսիան: Մենք կշարունակենք տրամադրել Իսրայելի պաշտպանության համար անհրաժեշտ հնարավորությունները», ասել է լրատվամիջոցի աղբյուրը։