Եվրոպան ՌԴ-ի դեմ Արևմուտքի հիբրիդային պատերազմի ավարտին պետք է պատժվի, ԱՄՆ-ն պետք է անտեսվի, իսկ թույլ երկրները պետք է ներվեն․ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը իր տելեգրամյան ալիքում վերաձևակերպել է Քոնդոլիզա Ռայսի՝ «պատժել Ֆրանսիային, անտեսել Գերմանիային, ներել Ռուսաստանին» խոսքերը։
Նշենք, որ Իրաք ներխուժելու տարիներին Քոնդոլիզա Ռայսը զբաղեցնում էր ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով օգնականի պաշտոնը:
Մեդվեդևի խոսքով՝ հենց Եվրոպան «դարձավ ռուսատյացության գլխավոր հենակետն աշխարհում, տապալեց ստամբուլյան համաձայնագրերը, սանձազերծեց պատժամիջոցների արշավը, կերակրեց պատերազմի ամենագլխավոր դևերին՝ հաշվի չառնելով հակամարտության կողմերի կորուստները»․
«Եվ այդ պատճառով Եվրոպան պետք է պատժվի մեզ հասանելի բոլոր միջոցներով՝ քաղաքական, տնտեսական և ամենատարբեր հիբրիդներով։ Այդ պատճառով պետք է օգնել Եվրոպայում ցանկացած ապակառուցողական գործընթացի։ Կեցցեն ագրեսիվ ջարդարարները նրա պատմական փողոցներում։ Փառք միգրանտների բազմությանը, որոնք վայրագություններ են գործում և ատելությամբ ոչնչացնում եվրոպական ծիածանագույն արժեքները: Թող անհետանան ապագա քաղաքացիական բախումների հոսքի մեջ եվրոպական բյուրոկրատների բոլոր նուրբ դեմքերը»,- գրել է Մեդվեդևը։
Ընդ Մեդվեդևի, ՌԴ-ն պետք է անտեսի ԱՄՆ-ին, իսկ «թույլ երկրներին»՝ Ասիայի և Լատինական Ամերիկայի պետությունները, որոնք «ենթարկվեցին անգլոսաքսերի ճնշմանը և պասիվ մասնակցություն ունեցան հակառուսական արևմտյան տրեշին», ՌԴ ԱԽ փոխնախագահի կարծիքով, արժե ներել։