Վրաստանի վարչապետը քիչ հավանական է համարում այն սցենարը, որի դեպքում իշխանությունները ստիպված կլինեն նորընտիր նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի երդմնակալությունից հետո Սալոմե Զուրաբիշվիլիին արտաքսել Օրբելիանիի պալատից:
Այնուամենայնիվ, Իրակլի Կոբախիձեն չի բացառում նաև իրադարձությունների նման զարգացումը՝ ընդգծելով, որ այդ դեպքում Սալոմե Զուրաբիշվիլիին կարող է քրեական պատիժ սպառնալ:
«Կարծում եմ՝ այս դեպքում Սալոմե Զուրաբիշվիլին իմաստուն կվարվի։ Սա կուսակցական գրասենյակ չէ, սա Վրաստանի նախագահի նստավայրն է, ուստի այնտեղ նույն սցենարը խաղարկելը նշանակում է քրեական հանցագործություն կատարել, որը երկար տարիների ազատազրկում է նախատեսում ոչ միայն ուղղակիորեն Զուրաբիշվիլիի, այլև ցանկացած մարդու համար, որը ներգրավված կլինի այդ սցենարում։ Ուստի չեմ կարծում, որ Սալոմե Զուրաբիշվիլին կզոհաբերի իրեն ու ևս 100-150 մարդու, որոնց կարելի է ասոցացնել իր հետ։ Այդ պատճառով ես չեմ ակնկալում նման անհիմն սցենարի զարգացում», - հայտարարել է Կոբախիձեն լրագրողներին։