Միջազգային

«Առաջին քայլն ԱՄՆ-ն պետք է անի». Լավրով

Եթե Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսման մասին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի ազդակները լուրջ են, Ռուսաստանը կարձագանքի դրանց․ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք լսում ենք Թրամփի թիմից ստացվող ազդանշաններն այն մասին, որ իրենք շահագրգռված են վերսկսել երկխոսությունը, և դա միանգամայն խելամիտ է և նորմալ։ Միշտ, նույնիսկ երբ երկրների միջև թշնամական հարաբերություններ են, աջակցել երկխոսությանը, տեսնել, թե ով ինչ է ուզում փոխանցել զրուցակցին, նորմալ է․ սա է դիվանագիտության իմաստը։ Դիվանագետները շփվում են նույնիսկ պատերազմների ժամանակ։ Այդ պատճառով, Վաշինգտոնի նոր վարչակազմից եկող ազդանշանները՝ վերականգնել հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Վաշինգտոնի ընդհատած երկխոսությունը, եթե լուրջ են, իհարկե, մենք կարձագանքենք դրանց», - ասել Է Լավրովը։

Նա հավելել է, որ Մոսկվայի հետ երկխոսությունն ընդհատել է ԱՄՆ-ն, «ուստի նրանք պետք է առաջին քայլն անեն»։

«Մենք սպասում ենք Ռուսաստանի նկատմամբ Թրամփի վարչակազմի քաղաքականության պաշտոնական ձևակերպմանը։ Եթե Վաշինգտոնում հաշվի առնվեն մեր օրինական շահերը, երկխոսությունն արդյունավետ կլինի։ Իսկ եթե հաշվի չառնվեն, ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա», - եզրափակել է նախարարը։