Միջազգային

Թրամփի վարչակազմն արտաքսելու է անօրինական միգրանտների ընտանիքներին

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կվտարի անօրինական միգրանտների ընտանիքներին, այդ թվում՝ ծնողներին, որոնց երեխաները ծնվել են ամերիկյան հողում, ասել է Թրամփի վարչակազմում սահմանային անվտանգության հարցերով ապագա համակարգող Թոմաս Հոմանը։

Washington Post-ին տված հարցազրույցում նա հայտնել է, որ ամերիկյան նոր իշխանությունները մտադիր են արտաքսել ծնողներին՝ նրանց ընտրելու հնարավորություն տալով հեռանալ՝ թողնելով երեխային կամ տանել իրենց հետ։

«Խնդիրն ահա ինչումն է. երկրում գտնվում են անօրինական և երեխա են ունենում: Այսպիսով՝ դուք եք ձեր ընտանիքներին դնում այս իրավիճակում»,- ասել է Հոմանը:

Թրամփի վարչակազմի ապագա պաշտոնյան հավելել է, որ Միացյալ Նահանգները կվերադառնա երեխաների հետ անօրինական միգրանտների ընտանիքներին կալանավորելու պրակտիկային։ Այդ նպատակով նախատեսվում է կառուցել առանձին ժամանակավոր շենքեր՝ «մեղմ» կենցաղային պայմաններով։

«Պետք է ցույց տանք ամերիկացիներին, որ արող ենք դա անել և չլինել անմարդկային: Մենք չենք կարող կորցնել ԱՄՆ ժողովրդի հավատը»,- ասել է Հոմանը։