Միջազգային

Դանիան ավելացնում է Գրելանդիայի պաշտպանության համար ֆինանսական միջոցները

Դանիայի կառավարությունը հայտարարել է, որ մեծ միջոցներ է հատկացնելու Գրենլանդիայի պաշտպանության համար։ Հայտարարությունը հնչել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ այդ տարածքը գնելու մտադրության մասին հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ անց։

Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը նշել է, որ նախատեսվող ֆինանսական փաթեթի չափը կազմելու է «երկնիշ թիվ՝ միլիարդներով» դանիական կրոնով, ինչը համարժեք է նվազագույնը 1.5 միլիարդ դոլարի։

Նախորդ օրը Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Գրենլանդիայի տիրապետումն ու վերահսկողությունը ԱՄՆ-ի համար «բացարձակ անհրաժեշտություն» է։

Գրենլանդիայում, որը հանդիսանում է Դանիայի ինքնավար տարածք, տեղակայված է խոշոր ամերիկյան «Թուլե» (Pitulik) ռազմակայանը։ Կղզին ռազմավարական կարևոր նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, քանի որ գտնվում է Եվրոպա տանող ամենակարճ ուղու վրա։ Բացի այդ, Գրենլանդիան հարուստ է օգտակար հանածոներով և նավթի պաշարներով։

Տրոելս Լունդ Պոուլսենի խոսքով, պաշտպանության համար հատկացված միջոցները կուղղվեն երկու նոր հսկողական նավերի, երկու հեռահար անօդաչու թռչող սարքերի և երկու նոր շների լծասահնակային խմբերի ձեռքբերմանը։

Ֆինանսավորումը ներառում է նաև Նուուկում՝ Գրենլանդիայի մայրաքաղաքում, Արկտիկական հրամանատարության անձնակազմի ընդլայնում և երկրի երեք քաղաքացիական հիմնական օդանավակայաններից մեկի արդիականացում՝ ժամանակակից F-35 կործանիչների սպասարկման համար։

«Մենք տարիներ շարունակ բավարար միջոցներ չենք ներդրել Արկտիկայում, և այժմ նախատեսում ենք ամրապնդել մեր ներկայությունը», – նշել է Պոուլսենը։

Չնայած պաշտպանության նախարարը չի հստակեցրել փաթեթի վերջնական գումարը, դանիական լրատվամիջոցների գնահատականներով այն կազմում է շուրջ 12-15 միլիարդ կրոն։