Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը առաջին անգամ հրապարակավ խոստովանել է, որ այս տարվա հուլիսին Իրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունը իսրայելցի զինվորականների ձեռքի գործն է: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նման հայտարարությունը կարող է հանգեցնել տարածաշրջանում Իրանի և նրա գլխավոր թշնամի Իսրայելի միջև լարվածության աճին․ նշում է գործակալությունը:
«Այս օրերին, երբ հութիների ահաբեկչական կազմակերպությունը հրթիռակոծում է Իսրայելը, ես կցանկանայի նրանց հստակ ուղերձ հղել՝ մենք հաղթեցինք ՀԱՄԱՍ-ին, մենք հաղթեցինք «Հեզբոլլահին», մենք կուրացրինք Իրանի պաշտպանական համակարգը և վնասեցինք արտադրական հզորությունները, մենք տապալեցինք Ասադի ռեժիմը Սիրիայում, մենք լուրջ հարված հասցրինք չարիքի առանցքին: Եվ մենք ծանր հարված կհասցնենք նաև Եմենում հութի ահաբեկիչներին, որոնք մնում են դիմադրության վերջին օջախը։ Իսրայելը շարքից դուրս կբերի նրանց ռազմավարական ենթակառուցվածքները, մենք գլխատելու ենք նրանց հրամանատարությունը, ինչպես դա արեցինք Հանիայի, Սինվարի և Նասրալայի հետ՝ Թեհրանում, Գազայում և Լիբանանում։ Մենք դա կանենք Հոդեյդաում և Սանայում»,- հայտարարել է Կացը։
Եմենում Իրանի աջակցությունը վայելող խմբավորումը ավելի քան երկու տարի հարձակվում է Կարմիր ծովի առևտրային նավերի վրա՝ փորձելով ուժեղացնել Իսրայելի ծովային շրջափակումը:
Նշենք, որ Հանիայի մշտական բնակության վայրը Քաթարն էր, որտեղ ՀԱՄԱՍ-ի առաջնորդն իրեն ներկայացնում էր որպես պաղեստինյան դիվանագիտության առաջնորդներից մեկը։ Հանիան նաև մասնակցել է Գազայի հատվածում կրակի դադարեցման անուղղակի բանակցություններ կազմակերպելու միջազգային ջանքերին․ գրում Է Reuters-ը: