Միջազգային

Ոստիկանության գնդապետը խոստովանել է լրագրողի սպանությունը

«Фонтанка» պարբերականի փոխանցմամբ, դեկտեմբերի 19-ին ՌԴ քննչական կոմիտեի և ԱԻՆ-ի աշխատակիցները Սանկտ Պետերբուրգի մոտակայքում՝ Բելովոստրովի անտառային գոտում, սկսել են լրագրող Մաքսիմ Մաքսիմովի մասունքների որոնումները։ Վայրը ցույց է տվել պաշտոնաթող ոստիկանության գնդապետ Միխայիլ Սմիռնովը, որը դեկտեմբերի 18-ին խոստովանել է լրագրողի սպանությունը։

Դեկտեմբերի 23-ի առավոտյան Մաքսիմովի մասունքները դեռևս չէին հայտնաբերվել։

Մաքսիմ Մաքսիմովը՝ «Фонтанка»-ի և լրագրողական հետաքննությունների գործակալության թղթակիցը, որը գրել էր ուժային կառույցներում կոռուպցիայի մասին, անհետացել էր 2004թ․ հունիսի 29-ին՝ Սմիռնովի մասին նյութի վրա աշխատելիս։

Սմիռնովը ձերբակալվել էր այս տարվա մայիսին՝ 1998թ․ գործարարի սպանության կազմակերպման գործի շրջանակներում։ Նա տվել է խոստովանական ցուցմունքներ և հայտարարել, որ կազմակերպել է սպանությունը։

Քննչական կոմիտեն Մաքսիմովի գործի մասին հրապարակային հայտարարություններ չի արել։