Միջազգային

Դամասկոսը վտանգ չի ներկայացնում․ Սիրիայի նոր առաջնորդ

Սիրիայի փաստացի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարաանը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկար տարիների պատերազմից հյուծված Սիրիան վտանգ չի ներկայացնում իր հարևանների կամ Արևմուտքի համար։ Նա կոչ է արել վերացնել միջազգային պատժամիջոցները, որոնք խոչընդոտում են երկրի վերականգնմանը։ 

Ապստամբական «Հայաթ Թահրիր աշ-Շամ»խմբավորման առաջնորդը, երկու շաբաթ առաջ գլխավորեց Բաշար Ասադի ռեժիմի տապալման ռազմական գործողությունը։ Նա ընդգծել է, որ ՀԹՇ-ն այլևս չի հանդիսանում ահաբեկչական կազմակերպություն, չնայած այն դեռ ընդգրկված է ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի կազմած ահաբեկչական ցուցակներում: 

Ալ-Շարաանը խոսել է նաև Սիրիայում կրթական համակարգի մասին՝ նշելով, որ Իդլիբի համալսարաններում ուսանողների ավելի քան 60%-ը կանայք են․ «Մենք հավատում ենք կրթության կարևորությանը և աշխատում ենք զարգացնել այն»։

Նա նաև խոստացել է ստեղծել իրավագետներից կազմված կոմիտե՝ նոր սահմանադրություն մշակելու համար․ «Անհրաժեշտ է ունենալ հստակ օրենքներ, որոնց պետք է հետևի ցանկացած կառավարիչ կամ նախագահ»։