Ֆրանսիայի վճռաբեկ դատարանը հաստատել է նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դատավճիռը, որով նա դատապարտվել է կոռուպցիայի և դատավորին կաշառելու փորձի մեղադրանքով։
Դատավճռով Սարկոզին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, որից երկու տարին՝ պայմանական: Իրական ժամկետի մեկ տարին նա պետք է անցկացնի տնային կալանքի տակ՝ կրելով էլեկտրոնային թևնոց, որը վերահսկելու է նրա տեղաշարժը։
Սարկոզին բողոքարկել էր վճիռը Փարիզի վերաքննիչ դատարանում, սակայն 2023 թվականի մայիսին պարտություն էր կրել։ Վճռաբեկ դատարանի վերջնական որոշումով նա սպառել է բոլոր իրավական բողոքարկման հնարավորությունները Ֆրանսիայի ներսում։
Նրա փաստաբան Պատրիս Սպինոզին հայտարարել է, որ Սարկոզին կընդունի դատարանի որոշումը, բայց պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ դատավճռի արդարացիությունը վիճարկելու համար։ Սարկոզին վճիռը գնահատել է որպես «խորը անարդարություն»։
Սա Ֆրանսիայի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նախկին նախագահը դատապարտվում է ազատազրկման։