Միջազգային

Ֆիդանը հերքել է Դոնալդ Թրամփի հայտարարությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հերքել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի տապալումը Թուրքիայի կողմից «իշխանության ոչ բարեկամական զավթում» էր։

Թրամփը հայտարարել էր, որ Անկարան «շատ խելացի» է գործել և Սիրիայում իրականացրել «ոչ բարեկամական զավթում՝ առանց մեծ մարդկային զոհերի»։

Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում Ֆիդանը ընդգծել է, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները չի կարելի դիտարկել որպես Թուրքիայի կողմից իշխանության զավթում։

«Սիրիայի ժողովրդի համար սա իշխանության զավթում չէ։ Եթե որևէ փոփոխություն էլ տեղի ունենա, դա պետք է լինի սիրիացի ժողովրդի կամքով։ Այլ մեկնաբանությունները պարզապես իրականության աղավաղում են»,- ասել է Ֆիդանը։

Նա հավելել է, որ «վերջին բանը», որը Թուրքիան ցանկանում է, այն է, որ իրեն դիտարկեն որպես տարածաշրջանային տերություն, որը վերահսկում է Սիրիան։ Ֆիդանը նշել է, որ գերիշխանության նման մոտեցումները պատմության մեջ մեծ վնաս են հասցրել տարածաշրջանին, և Թուրքիան չի ձգտում նման դիրքավորման։